Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյան
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձելու այս հարցը լուծել այսպիսի տարբերակներով, որ հետո երկու ժողովուրդների և քաղաքացիների կյանքը չբարդանա։
Տարածքների փոխանակման հարցը պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։ Եթե հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա բնականաբար կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը։
Անկլավների հարցի լուծումը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղիղ նախապայման չէ։ Գիտեք իրենց խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխենք, մենք չենք ստորագրի։ Չեն ասել՝ անկլավների հարցը չլուծենք։
Փորձում ենք այնպես անել, որ այս տարի TRIPP-ի շինարարության ինչ-որ մեկնարկ տրվի, ոչ թե այդպես ֆորմալ, այլ իրական։ Մասնագետներն ասում են՝ դժվար հասցնենք։ Մեր մոտեցումն այսպես է՝ ինչքան հնարավոր է շուտ։
Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ՝ էականորեն հեռու են իրականությունից, ես կարող եմ ասել՝ էականորեն ուռճացված են։
Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։
Իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով։ Չի լինելու։ Մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու։ Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։
Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի փոխարեն երրորդ երկրների ներկայացուցիչների այցելությունների հնարավորության մասին
Ադրբեջանում պահվող անձանց հարցով մենք դիմել ենք որոշ երրորդ երկրների։ Այդ երկրները փորձել են կամ չեն փորձել, չգիտեմ, ստանալ այդ հնարավորությունն Ադրբեջանում։ Դրական արձագանք մեզ երրորդ երկրները չեն տվել։
Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության փաստաթուղթն արդեն համաձայնեցված է։ Առաջիկա հարմար առիթում կստորագրենք։
ԵԱՏՄ-ի թղթերում կամ մեր սահմանադիր փաստաթղթերում չկա մեխանիզմ՝ հինգով վեցերորդին հանելու։
Ավելացնել նոր մեկնաբանություն