Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կանադայում Հայաստանի դեսպանությանը կից կգործի ռազմական կցորդ։ Հաստիքը նախատեսվում է համատեղել ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդի կողմից՝ երկու երկրների հետ պաշտպանական համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է հոկտեմբերի 15-ի նիստում։
Պաշտպանության նախարարության մշակած նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ նշանակման մասին կանադական կողմին ծանուցելու, հավատարմագրման ընթացակարգն անցնելու և համապատասխան համաձայնությունը ստանալու դեպքում։
Կցորդը պաշտոնական կապեր կհաստատի և կխորացնի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև, կհետևի համագործակցության ծրագրերի իրականացմանը, կաջակցի ՊՆ և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպմանը։
Նա նաև կապահովի հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը կանադական ռազմական գերատեսչության հրավերով անցկացվող զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին, կայցելի ռազմաուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։
«Ներկա փուլում պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը կարող է ընդգրկել հրահանգիչների պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները, ինչպես նաև ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակումը»,– նշված է հիմնավորման մեջ։
Հետագայում համագործակցությունը կարող է ներառել նաև երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմական կրթություն, արհեստավարժ սերժանտական կազմի և անձնակազմի մարտական պատրաստություն, ռազմական բժշկություն ու մասնագիտական այլ ուղղություններով փորձի փոխանակում։
Պաշտպանության նախարարությունը Կանադայի հետ կապերի զարգացումը կարևորում է նաև Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության համատեքստում։ Ռազմական կցորդը կաջակցի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Կանադայում իրականացվող միջոցառումների հետևողական իրականացմանը և կներկայացնի երկկողմ համագործակցության զարգացման առաջարկություններ։
Ավելացնել նոր մեկնաբանություն