Ինչո՞ւ են շարունակում աչք փակել Ադրբեջանի գործողությունների առաջ. «Փաստ»
Թուրքիան ձգտում է, որ մի կողմից՝ Արցախը հայաթափվի, ու ռուս խաղաղապահները դուրս գան, իսկ մյուս կողմից էլ՝ բացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի միջոցով իրականություն կդառնան պանթուրքական ծրագրերը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի իրականացման արդյունքում փաստացի իրականացվում է Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս հանելու՝ Արևմուտքի ծրագիրը, իսկ ռուսական ղեկավարությունը մինչև հիմա կանաչ լույս է վառում Ադրբեջանի հանցագործությունների առաջ։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսեց՝ պատճառաբանելով, թե Դոնբասի ու Լուգանսկի բնակչության իրավունքները ոտնահարվում են, սակայն երբ Արցախի բնակչությունը կանգնած է կոնկրետ ցեղասպանության վտանգի առաջ, ապա ռուսական կողմը ենթարկվում է ադրբեջանական պահանջներին։
Ռուսաստանը երկյուղում է անգամ խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման թեման քննարկել Արցախին օգնություն տրամադրելու համար։ Տարօրինակ է նաև Եվրոպայի դիրքորոշումը Արցախի հետ կապված։ ԵՄ-ն, որը միշտ հանդես է գալիս մարդու իրավունքների օրակարգի առաջ մղման դիրքերից, շարունակում է աչք փակել Ադրբեջանի գործողությունների առաջ։ ԵՄ-ից շարունակաբար կարևորում են Ադրբեջանից մատակարարվող էներգակիրների նշանակությունը՝ Ալիևին համարելով «վստահելի գործընկեր»։ Բրյուսելը նույնիսկ հայտնվել է բռնապետական Ադրբեջանից խնդրողի դերում, որպեսզի Բաքուն ավելացնի դեպի Եվրոպա գազի մատակարարումները։ Ադրբեջանը 120 հազար մարդու սովամահության է մատնել, սակայն Շառլ Միշելը դեռևս խոսում է Արցախի ու Ադրբեջանի երկխոսության մասին։
Իսկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործ քայլերը՝ նշելով, թե հումանիտար բեռների առաքումն Ակնայից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը։ Ստացվում է, որ գազի դիմաց ԵՄ-ն զոհասեղանին է դնում իր կողմից հռչակված ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և շարժվում է մարդու իրավունքների վրա թքած ունեցող բռնատիրական Ադրբեջանի օրակարգով։ ԱՄՆ-ը նույնպես բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն