Իրանի օդային սահմանների անվտանգությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա. Բաղերի
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի օդային սահմանների անվտանգությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է «Վիլայաթի երկնքի պաշտպանների օդային հզորություն» զորավարժությունների ժամանակ։
Բաղերին ընդգծել է, որ զորավարժությունը հասել է իր առջև դրած նպատակների իրականացմանը։ «Այս զորավարժության ընթացքում անօդաչու թռչող սարքերը, կործանիչները, ինչպես նաև տրանսպորտային, աջակցության, լիցքավորման և օդային շտապօգնության ինքնաթիռները կարողացել են լավ կատարել իրենց առաքելությունը: Ինքնաթիռները կիրառել են բոլոր տեսակի մարտավարությունները»,- ասել է նա:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետի համոզմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը, ապավինելով սեփական կարողություններին, որակյալ պատրաստվածությանը և գերազանց հմտություններին, երկրի ամբողջ տարածքում ապահովել են համարժեք և ընդունելի անվտանգություն։ Նրա խոսքով՝ նման պատրաստվածության դեպքում ոչ մի թշնամի չի կարող ներթափանցել և խախտել Իրանի օդային տարածքը։
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին իր հերթին նշել է, որ այսօր Իրանն ունի հեղինակավոր կարծիք տարածաշրջանային և միջազգային բոլոր հավասարումների վերաբերյալ։ Նա հավելել է, որ որևէ հավասարում չի կարող գործել՝ առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը մշտապես բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ թշնամիների սադրանքներին դիմագրավելու համար։ Եվ իսկապես, վերջին տարիներին Իրանի իշխանությունների ձեռնարկած քայլերը երկրի թշնամիներին ստիպել են հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից։
Ավելացնել նոր մեկնաբանություն