ՀՀ-ն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. ԱԳ նախարար
«Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա են նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։
Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունը, որը, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։
Միրզոյանը հատկանշական է համարում, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի, և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:
«Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը»,- նշել է արտգործնախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն