Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր ջանքերն ու աջակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայուն անվտանգության հասնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սիրիայի տարածքի վրա սիոնիստական ​​ռեժիմի կողմից պարբերաբար իրականացվող հարձակումները։ Նրա խոսքով՝ Իսրայելի ռեժիմն անկայունության հիմնական աղբյուրն է, քանի որ այս ռեժիմի արհեստական ​​գոյատևումը պայմանավորված է տարածաշրջանում պատերազմ հրահրելով։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներն անտարբեր չեն եղել և չեն լինելու սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերի նկատմամբ, իսկ ռեժիմի կեղծ կառավարիչները հասկացել են, որ սիոնիստների ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ 2011 թվականից ի վեր շուրջ 400 հազար ահաբեկիչ մուտք է գործել Սիրիայի տարածք։ 

«Ամերիկացի զինվորները Դեյր Էլ-Զորի շրջանում սպանել  են մեծ թվով սիրիացիների: Թուրքական բանակն օկուպացրել է նաև Սիրիայի մի հատվածը։ Օտարերկրյա ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ ջանքեր է գործադրում ոչ միայն Սիրիայում քաղաքական կայունության հաստատման, այլև երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Սա բխում է նաև Իրանի շահերից, քանի որ նախորդ մեկ տասնամյակում Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից պետությունների կողմից պրոքսի պատերազմ է մղվել նաև Իրանի դեմ, որը, արդեն կարող ենք փաստել, ձախողվել է։

Ավելացնել նոր մեկնաբանություն