Իրանի կարմիր գծերն ազգային շահեր են. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի կարմիր գծերը երկրի ազգային շահեր են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է, որ ԱՄՆ կառավարության նկատմամբ Թեհրանի մոտեցումը պարզ է՝ վերջինիս երբեք չեն վստահում։ Նրա խոսքով՝ իրանական կողմը պատրաստ է հետամուտ լինել բանակցություններին և ամփոփել դրանք։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ եթե Վաշինգտոնը հավատարիմ մնար միջուկային գործարքին, ապա դա կարող էր հարաբերական վստահության հիմք հանդիսանալ, սակայն ԱՄՆ-ն նույն հարաբերական վստահությունը չստեղծեց Իրանի համար։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում պատժամիջոցները վերացնելու և բոլոր կողմերի, ներառյալ Միացյալ Նահանգների՝ ամենայն պատասխանատվությամբ միջուկային գործարքին վերադառնալու ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ Իրանը բանակցություններ է վարում իր ազգային շահերի, միջուկային գործարքի դրույթների հիման վրա և գնում է դիվանագիտական ճանապարհով։
«Երբ միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս կողմը պատրաստ լինի, և մենք համոզվենք, որ նա հավատարիմ կմնա իր հանձնառությանը, ապա համաձայնագիրը կարող է հարատևել։ Այդ ժամանակ մենք՝ որպես միակ կողմ, որն ամենայն պատասխանատվությամբ վերաբերեց իր ստանձնած պարտավորություններին, պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ երկրի ազգային շահերն ապահովելու համար»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցում մշտապես կոշտ դիրքորոշում է ցուցաբերել և ավելին՝ 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից, որը ձեռք էր բերվել երկարատև բանակցություններից հետո։ ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի վարչակազմը, 2021 թվականից սկսած, ձգտում է վերականգնել համաձայնագիրը, սակայն դեռևս դա չի հաջողվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն