Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի կարմիր գծերն ազգային շահեր են. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի կարմիր գծերը երկրի ազգային շահեր են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին շեշտել է, որ ԱՄՆ կառավարության նկատմամբ Թեհրանի մոտեցումը պարզ է՝ վերջինիս երբեք չեն վստահում։ Նրա խոսքով՝ իրանական կողմը պատրաստ է հետամուտ լինել բանակցություններին և ամփոփել դրանք։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ եթե Վաշինգտոնը հավատարիմ մնար միջուկային գործարքին, ապա դա կարող էր հարաբերական վստահության հիմք հանդիսանալ, սակայն ԱՄՆ-ն ​​նույն հարաբերական վստահությունը չստեղծեց Իրանի համար։

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում պատժամիջոցները վերացնելու և բոլոր կողմերի, ներառյալ Միացյալ Նահանգների՝ ամենայն պատասխանատվությամբ միջուկային գործարքին վերադառնալու ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ Իրանը բանակցություններ է վարում իր ազգային շահերի, միջուկային գործարքի դրույթների հիման վրա և գնում է դիվանագիտական ճանապարհով։

«Երբ  միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս կողմը պատրաստ լինի, և մենք համոզվենք, որ նա հավատարիմ կմնա իր հանձնառությանը, ապա համաձայնագիրը կարող է հարատևել։ Այդ ժամանակ մենք՝ որպես միակ կողմ, որն ամենայն պատասխանատվությամբ վերաբերեց իր ստանձնած պարտավորություններին, պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ երկրի ազգային շահերն ապահովելու համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցում մշտապես կոշտ դիրքորոշում է ցուցաբերել և ավելին՝ 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից, որը ձեռք էր բերվել երկարատև բանակցություններից հետո։ ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի վարչակազմը, 2021 թվականից սկսած, ձգտում է վերականգնել համաձայնագիրը, սակայն դեռևս դա չի հաջողվել։

Add new comment