Իրանը Պարսից ծոցի վիճահարույց կղզիներում զորավարժություններ է սկսել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու տարածքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ զորավարժությունների անցկացման համար ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ժամանել են կղզի։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրանց նպատակն ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հեղինակությունն ու մարտական պատրաստվածությունը ցուցադրելն է, ինչպես նաև անվտանգության ապահովումը Պարսից ծոցում և իրանական կղզիներում։
Զորավարժություններին մասնակցում են իրանական զորքերի տարբեր ստորաբաժանումներ՝ օդատիեզերական ուժերի աջակցությամբ։ Գործադրվել են նաև նոր նավեր՝ զինված 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով։
Նշվում է, որ որոշ կղզիներում, այդ թվում՝ Աբու Մուսայում, տեղակայվել են «Ֆաթհ» բալիստիկ և «Քադիր» թևավոր հրթիռներ՝ 120 և 300 կիլոմետր հեռահարությամբ։ Զորավարժությունների ժամանակ գործադրվել են նաև հեռակառավարվող նավեր ու անօդաչու թռչող սարքեր։
#Դետքի_հետագծով
Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական առումով կարևոր հատվածում, և դրանց պատկանելիությունը վիճարկվում է Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։ Իրանի կողմից այս կղզիներում զորավարժությունների անցկացումը կրում է ուժի և ազդեցության ցուցադրման միտում, քանի որ Թեհրանը հիշյալ երեք կղզիները համարում է իր տարածքի անբաժան մասը։
Ավելացնել նոր մեկնաբանություն