Bayramwv

Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդականի հետ

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» գործընթացը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ներկա իրավիճակը և հեռանկարները։

Խեղաթյուրելով իրականությունը՝ Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բացի դրանից՝ նա ասել է, թե իբր Հայաստանի «սադրանքները» խոչընդոտում են տարածաշրջանում կայունության հաստատումը։

#Դետքի_հետագծով

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ինքը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ, այդ իսկ պատճառով շրջանառության մեջ է դրել արհեստածին «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը՝ նկատի ունենալով ՀՀ սուվերեն տարածքը։ Ինչ վերաբերում է սադրանքներին, Ադրբեջանն է պարբերաբար դիմում տարբեր սադրանքների, բայց զուգահեռ անհիմն մեղադրում Հայաստանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն