Իրանն աջակցում է այլ երկրների հետ Սիրիայի դիվանագիտական մերձեցմանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի դիվանագիտական մերձեցմանն այլ երկրների հետ։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Իրավանին ասել է, որ անվտանգ, կայուն և զարգացած Սիրիան ձեռնտու է սիրիացի ժողովրդին, ինչպես նաև տարածաշրջանին ու միջազգային հանրությանը։
Իրավանին Սիրիայում քաղաքական և հումանիտար զարգացումների վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վերահաստատել է, որ Սիրիայում ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։
«Քաղաքական լուծումը, որը հիմնված է սիրիացիների ղեկավարության և նրանց առաջնորդության վրա, որին նպաստում է ՄԱԿ-ը, այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է։ Նման գործընթացը պետք է լիովին պաշտպանի Սիրիայի Արաբական Հանրապետության միասնությունը, ինչպես նաև նրա ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իրանի ներկայացուցիչը:
Վերջինս անդրադարձել է նաև ահաբեկչությանը՝ այն անվանելով լուրջ սպառնալիք Սիրիայի և տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում օտարերկրյա ուժերը չպետք է օգտագործեն ահաբեկչության դեմ պայքարը որպես պատրվակ՝ խախտելու արաբական երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
«Նման անօրինական ներկայությունը շարունակում է խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ միաժամանակ ստեղծելով իդեալական պայմաններ ահաբեկչական գործունեության համար։ Այն պետք է ավարտվի»,- նշել է նա։
Իրավանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Սիրիայի տարածքի նկատմամբ իրականացվող իսրայելական հարձակումները, որոնք սպառնում են միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Նա շեշտել է, որ այդ հարձակումները շարունակվում են՝ չնայած դրանք դատապարտելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված Դամասկոսի բազմաթիվ կոչերին։
Վերջինս նաև աջակցություն և երախտագիտություն է հայտնել Սիրիայի կառավարությանն ազգային հաշտեցմանն ուղղված ջանքերի համար։ Նրա խոսքով՝ այդ ջանքերը Սիրիայում կայունության վերականգնման հիմնական միջոցն են։
Իրանի ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիան միշտ առանցքային դեր է խաղացել Արևմտյան Ասիայում և եղել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հիմնական սյուներից մեկը։
Ավելացնել նոր մեկնաբանություն