Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Լավրովն ասել է Միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ արևմտյան երկրները զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։
«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է նա։
Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները պետք է դադարեցնեն Կիևի ռեժիմին սպառազինությունների տրամադրումը։ Նա նշել է, որ դա երկարաձգում է հակամարտության ընթացքը։
#Դետքի_հետագծով
Իսկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները չափազանց մեծ քանակով սպառազինություն են տրամադրում Ուկրաինային՝ պատերազմում այս երկրի հաղթանակն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր հերթին քննադատում է նման նախաձեռնությունները՝ պնդելով, որ այդպիսով երկարաձգվում են ռազմական գործողությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն