ՌԴ-ում ուժայինները փորձում են հասնել ռազմական ղեկավարության հրաժարականին և ռազմական դրություն մտցնելուն. «Bloomberg»
Ռուսաստանի Դաշնության ուժային մի շարք կառույցների ղեկավարներ փորձում են հասնել նրան, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոններից ազատի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ զինվորականները նաև ցանկանում են, որ Պուտինն ակտիվացնի մարտական գործողություններն Ուկրաինայում, մասնավորապես հայտարարի համընդհանուր զորակոչ և ռազմական դրություն մտցնի։ Հրապարակման համաձայն՝ ռուսական վերնախավի շատ ներկայացուցիչներ զարմացած են «Վագներ» ՄՌԿ խռովության նկատմամբ Պուտինի թույլ արձագանքից և այն հանգամանքից, որ նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինին Պուտինը պատժել չկարողացավ։
Նշվում է, որ սա անհանգստացրել է ռուս պաշտոնյաներին բարձր մակարդակով հնարավոր գժտությունների առումով։
Իրավիճակին ծանոթ հինգ մարդու խոսքով` ռուսական ուժային կառույցներում կոշտ գծի կողմնակիցները ցանկանում են պաշտոնանկ անել Շոյգուին։ Նրանք առաջարկում են ռազմական դրություն մտցնել Ռուսաստանում և համընդհանուր զորակոչ հայտարարել։
Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ առայժմ որևէ նշան չկա, որ Պուտինը պաշտոնանկ կանի Շոյգուին և Գերասիմովին։ Դրա փոխարեն Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը «հաշիվ է տեսնում» նրանց հետ, ովքեր ակտիվորեն քննադատում են Շոյգուին և Գերասիմովին։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանում հունիսի 24-ին տեղի ունեցած զինված խռովությունից հետո պարբերաբար քննարկվում է պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը։ Այս պաշտոնյաների պաշտոնանկությունը խռովության հեղինակ Եվգենի Պրիգոժինի գլխավոր պահանջներից մեկն էր, որին վերջինս այս պահի դրությամբ չի կարողացել հասնել։
Ավելացնել նոր մեկնաբանություն