Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ տարածաշրջանում օտարների ներկայությունը լարվածություն կստեղծի
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ տարածաշրջանում օտարների ներկայությունը լարվածություն և հակամարտություններ կառաջացնի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ունեցած հեռախոսազրույցում։
Բաղերին իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ ընդհանուր սահմաններին խաղաղության և անվտանգության հաստատումը հնարավոր է միայն հարևան երկրների միասնականությամբ։ Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցության ու երկու երկրի փոխհարաբերությունների մակարդակը զարգանում է բոլոր ոլորտներում։
Միևնույն ժամանակ Բաղերին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք համատեղ ռազմական հանձնաժողովի նիստին։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հերթին հայտարարել է Իրանի հետ երկկողմ ռազմական և պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու երկրի պատրաստակամության մասին։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամ երկիր և ողջունում ենք Թեհրանի հետ պաշտպանական համագործակցության զարգացումը»,- ասել է նա։
Հասանովը միևնույն ժամանակ Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մտահոգություններ ունի, որ իր թշնամիների կողմից Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել որպես պլացդարմ՝ իր դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հենց այս նպատակով Իրանը փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանի հետ առկա լարվածությունը դուրս գա վերահսկողությունից, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Ավելացնել նոր մեկնաբանություն