Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ տարածաշրջանում օտարների ներկայությունը լարվածություն կստեղծի

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ տարածաշրջանում օտարների ներկայությունը լարվածություն և հակամարտություններ կառաջացնի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ունեցած հեռախոսազրույցում։ 

Բաղերին իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ ընդհանուր սահմաններին խաղաղության և անվտանգության հաստատումը հնարավոր է միայն հարևան երկրների միասնականությամբ։ Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցության ու երկու երկրի փոխհարաբերությունների  մակարդակը զարգանում է բոլոր ոլորտներում։

Միևնույն ժամանակ Բաղերին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք համատեղ ռազմական հանձնաժողովի նիստին։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հերթին հայտարարել է Իրանի հետ երկկողմ ռազմական և պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու երկրի պատրաստակամության մասին։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամ երկիր և ողջունում ենք Թեհրանի հետ պաշտպանական համագործակցության  զարգացումը»,- ասել է նա։

Հասանովը միևնույն ժամանակ Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտահոգություններ ունի, որ իր թշնամիների կողմից Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել որպես պլացդարմ՝ իր դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հենց այս նպատակով Իրանը փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանի հետ առկա լարվածությունը դուրս գա վերահսկողությունից, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Add new comment