Ծրագրված տեղեկատվական պատերազմը թշնամու գործիքակազմի անբաժանելի մասն է
Ադրբեջանի վարած ռազմաշունչ քաղաքականության բովանդակային հիմքում հստակ դրսևորվում է հայկական էթնոսի նկատմամբ ցեղասպանության շարունակական իրականացման հիմնադրույթը, որի համար տեղեկատվական բաղադրիչներ են հայատյացությունը և դրա ազատ քարոզչությունը հոգեբանական ճնշման բոլոր հնարավոր ձևերի կիրառությամբ: Հոգեբանական պայքարի հիմնական ձևը տարաբնույթ եղանակներով տարվող քարոզչությունն է։ Ադրբեջանի կողմից ամեն տեսակի սադրիչ գործողություն, ներառյալ լայնածավալ ռազմական գործողությունները, ունի գաղափարախոսական հենք։ Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները հակահայկականության դրսևորման ամենապարզ օրինակներից են։ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակ է պահում 2022 թվականի դեկտեմբերից, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունացել։
Բացի նրանից, որ Արցախի 120 հազար բնակչությունը զրկված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից, Ադրբեջանը միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից արդեն 4 արցախցու է առևանգել՝ նրանց կեղծ մեղադրանքներ ներկայացնելով։ Իսկ հումանիտար աղետի գոտում գտնվող ժողովրդին հասցվող օգնության բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը վկայում է Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին: Եվ այսքանով հանդերձ մարդասիրական ճգնաժամ հարուցած Ադրբեջանը փորձում է մարդասեր երևալ։ Բաքուն որոշել է «հումանիտար օգնություն» ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատված։ Ինչպես ամեն քայլում, այնպես էլ իբրև օգնություն ուղարկելու գործողությունում, թշնամին, կարևորելով տեղեկատվական գործոնը, փորձել է հոգեբանական բռնության ենթարկել հայկական կողմին։ Օգնությունը հասցնող բոլոր մեքենաների համարանիշները «44»-ով են` բնականաբար ակնարկելով 44-օրյա պատերազմը։ Ծրագրված տեղեկատվական պատերազմը թշնամու գործիքակազմի անբաժանելի մասն է դարձել, որին, անշուշտ, պետք է ուշադրություն դարձնել։ Կարմիր մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բնականաբար այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։ Տեսանելի է հակառակորդի ագրեսիվ գործողությունների հետևում թաքնված ենթատեքստը։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն