Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն
Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության ֆոնին և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն, գրում է «Ազատությունը»:
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասաց, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։
«Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:
«Առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել», - երեկ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը վստահեցրեց, թե մշտապես առաջին զանգերը ինքն անում է Վլադիմիր Պուտինին, իսկ անցած շաբաթ զանգահարել է այն երկների ղեկավարներին, որոնք տեղեկացված չեն «որոշ նրբությունների» մասին։
«Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ Ռուսաստանի նախագահի հետ, ըստ անհրաժեշտության, իհարկե, հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ», - նշեց Փաշինյանը:
Երեկ վարչապետը հավաստիացնում էր, որ Երևանը որևէ քայլ Ռուսաստանի դեմ չի անում, որ Հռոմի ստաստուտի վավերացման գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, որ իր կնոջ այցը Կիևը և հումանիտար օգնության տրամադրումը քաղաքական ենթատեքստ չունի և որ հայ- ամերիկյան զորավարժությունները առաջին անգամ չեն Հայաստանում անցկացվում։
Վարչապետն ասում էր, թե հայկական կողմն ակտիվ աշխատում է, որ Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորվեն. - «Նաև ռուսական մամուլում երբեմն կապվում է Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, բայց Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Ինչո՞ւ ենք վավերացնում, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան: Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք սրտի, Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել»:
Ավելացնել նոր մեկնաբանություն