Քննարկվում են բոլոր տարբերակները, որ Իրանը միջուկային զենք չունենա. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը։ «Al Arabiya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է:
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունն այն հարցում, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են գտնվում «փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ Իրանի վարչակարգի կողմից գործադրվող ճնշումները»: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ցուցարարներին, սակայն «ռեժիմի փոփոխության» հարցը պետք է որոշի բացառապես Իրանի ժողովուրդը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իսրայել զորավարժություններին, ապա ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ դրանց հիմնական նպատակը «ագրեսորներին զսպելն է»:
Ավելացնել նոր մեկնաբանություն