Ըստ Փաշինյանի՝ Արցախի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա
Մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերից.
▪ Այն պահից, երբ հրադադար է հաստատվել, մեր ունեցած տեղեկությամբ՝ ՊԲ-ն շարունակում է մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է նաև Ադրբեջանի ԶՈՒ-ի ն:
Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով։
▪ Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։
Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկության չենք տիրապետում։
▪ Այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կենցաղային պայմաններն ապահովելու համար։
▪ ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է: Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանը ինձ զեկուցեց, որ ՀՀ-ում մոտավորապես 40.000 ընտանիք տեղավորելու համար նախապատրաստական աշխատանքներ են տարել:
▪ Այսօր՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա:
Գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց մասին նրանք հոգ են տանում:
Մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելն է խնդիրը, ինչպես գիտեք, մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում:
▪ ՌԴ խաղաղապահները շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղում, և ԼՂ բնակչության անվտանգության ապահովումը նրանց անմիջական պարտականությունն է։
▪ Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է իր անհաջողությունների համար պատասխանատվությունը դնել ՌԴ-ի վրա: Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։
Կա հստակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ, օրինակ, Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո, այդ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը, և մենք դեռևս 1.5 տարի առաջվանից սկսել ենք բարձրացնել այն հարցը, որ գործընթացները ճիշտ ճանապարհով չեն գնում:
Ավելացնել նոր մեկնաբանություն