ԼՂ բնակչությունը կկարողանա տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը․ Փաշինյան
Իրադրությունը ԼՂ-ում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ-ի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, և դա ԼՂ-ի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ի Կառավարության նիստին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի ԼՂ․ «Հիմա ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի, թե ոչ, չեմ կարող ասել»:
Ըստ Փաշինյանի՝ արցախահայերը կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց՝ Արցախում մնալու անհնարինությունը․ «Այսինքն՝ այս իրավիճակը եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունն առկա է»:
«Ավելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն: Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Ըստ էության, համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ-ի գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂ մեր բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:
Իմ գնահատականն այն է, որ ուղիղ սպառնալիք այս պահին ԼՂ քաղաքացիական անձանց կյանքին չկա, բայց պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել:
Ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն տալիս են»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն