Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է։ ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխության դինամիկային, և որևէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր լրատվական ծառայության միջոցով: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Ես այս պահին չեմ ցանկանա տրամադրել լրացուցիչ տեղեկություն։ Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում՝ Կառավարության նիստի ընթացքում և նաև մեր կողմից հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում է հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս: Կարևորը՝ այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման, ընդհարման միտում գոնե այս պահին չի նկատվում»,- ասել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն