Իրանական լրատվականի անդրադարձն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը
Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հունվարի 27-ին հարձակում իրականացրած անձը խոստովանել է, որ այդ քայլը կատարել է անձնական դրդապատճառներով, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչել են հապճեպ մեկնաբանություններ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» գործակալությունը, Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից կիրառվող տերմինները, որոնք, ինչպես սպասվում էր, պետք է փորձեին հանդարտեցնել մթնոլորտը, իրականում առաջացրել են լարվածության աճ և նոր մարտահրավերներ։
Լրատվականը հայտնում է, որ կեղծ արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են ահաբեկչական կամ ծրագրված միջադեպը, բացարձակապես անընդունելի է: Նշվում է, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ հարաբերություններին, ինչի արդյունքում երկիրն ամենաբարձր մակարդակով անմիջապես արձագանքել է միջադեպին և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեպքի հետևանքները մեղմելու համար:
«Մյուս կողմից՝ հարձակվողը խոստովանել է, որ մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի դեսպանատուն՝ կնոջ վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։ Ադրբեջանի դեսպանատունը նույնպես չի պատասխանել Իրանի արտաքին գործերի նախարարության գրավոր հարցմանը՝ խնդրելով պարզել հարձակվողի կնոջ վիճակը»,- ասվում է հոդվածում:
Բացի դրանից՝ իրանական լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի Շահ Չերաղ տաճարում տեղի ահաբեկչության ժամանակ մի քանի ահաբեկիչ ու նրանց կողմնակիցներն ադրբեջանական անձնագրեր ունեին, սակայն Իրանը երբեք չի փորձել այդ հարցը դիտարկել որպես ահաբեկիչների և Ադրբեջանի կառավարության միջեւ համակարգման առկայություն։
Անդրադառնալով Իրանից ադրբեջանցի դիվանագետների տարհանմանը և Ադրբեջանի դեսպանատան գործունեության կասեցմանը՝ լրատվամիջոցը նկատում է, որ դա չի նշանակում, որ հարաբերությունները խզվել են, սակայն ամեն դեպքում դա չարդարացված գործողություն է, որն ավելի շատ նման է Իրանի դեմ քարոզչական մթնոլորտ ստեղծելու փորձին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ ջերմ հարաբերությունները, ու չնայած երկրի քաղաքական, անվտանգության և լրատվամիջոցների հետ կապված որոշ տարաձայնություններին՝ խելամիտ մոտեցում է ցուցաբերում լարվածությունը կառավարելու հարցում, որպեսզի թույլ չտա վնաս հասցնել երկկողմ կապերին»,- ասվում է հրապարակման մեջ:
Լրատվամիջոցը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն դեսպանատան վրա հարձակման միջադեպի պատճառներին, ձգտեն հանգստացնել իրավիճակն ու համագործակցեն ստեղծված տհաճ իրավիճակը հաղթահարելու համար, այլ ոչ թե գործեն այնպես, որ էլ ավելի սրեն առկա լարվածությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն