Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են «3+3» ձևաչափով բանակցությունների վերսկսումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կողմ են արտահայտվել տարածաշրջանային խորհրդատվական «3+3» ձևաչափի շրջանակում համատեղ աշխատանքի օպերատիվ վերսկսմանը։
Կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում արդիական օրակարգի հարցեր, մասնավորապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացման համատեքստում։ Նրանք ընդգծել են զինված դիմակայությունը շուտափույթ դադարեցնելու կարևորությունը և իրավիճակի կարգավորումը միջազգային-իրավական հայտնի հիմքի վրա։
#Դետքի_հետագծով
«3+3»-ն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին հավանություն էր տվել նաև Ռուսաստանը։ Այն ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Այս ձևաչափով մեկ հանդիպում է անցկացվել 2021 թվականին Մոսկվայում, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։
Ավելացնել նոր մեկնաբանություն