դետք

Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին և Էրդողանը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության մանրամասներն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում աճող լարվածությանը և դեէսկալացիայի հասնելու նպատակով ձեռնարկվելիք քայլերին։

Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև հակամարտությունը թուլացնելու համար անհրաժեշտ քայլերը: Հրապարակման համաձայն՝ Էրդողանն ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ դադարեցումը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար, իսկ Անկարան ջանքեր է գործադրում Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Բացի դրանից՝ Էրդողանը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերի կողմից ձեռնարկվող փոխադարձ դրական քայլերը կհանգեցնեն վերջնական լուծման։

#Դետքի_հետագծով

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում Թուրքիան և Իրանն աջակցում են Պաղեստինին՝ ընդգծելով խնդրի արդարացի լուծման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մինչդեռ Իրանն այդ պետության գոյությունը համարում է անօրինական։  

Ավելացնել նոր մեկնաբանություն