Ի՞նչ ճանապարհներ է Ադրբեջանը կառուցել Ջերմուկի հատվածում
Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել էր լուսանկար, որում երևում է հայ-ադրբեջանական սահմանի կողմից դեպի Ջերմուկ քաղաք կառուցված ճանապարհ: CivilNet.TV- ն ուսումնասիրել է թեման՝ ներկայացնելով նաև արբանյակային լուսանկարներ:
Ներկայացնում ենք ուսումնասիրությունից մի հատված.
Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի և Հայաստանի մի քանի այլ հատվածներում տարածքներ էին գրավել 2022-ի սեպտեմբերին, Սյունիքում որոշ հատվածներում, Գեղարքունիքում՝ սկսած 2021-ի մայիսից։
Արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ Ջերմուկի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի զինուժն է տեղակայված, մեկ տարում ամրաշինական և շինարարական բավական մեծ աշխատանքներ են իրականացվել։
#CivilNetCheck-ը 2022-ի հոկտեմբերին գրել էր Ջերմուկի տարածքում ադրբեջանական առաջխաղացման մասին՝ օգտվելով արբանյակային լուսանկարներից և բաց աղբյուրներում առկա տեղեկություններից։
Արբանյակային թարմ լուսանկարներում երևում են այս հատվածում, ինչպես նաև սահմանից այն կողմ տեղի ունեցած շինարարական աշխատանքները, որոնց միջոցով Ադրբեջանի տարածքից նախորդ տարի գրավված տարածքների հետ կապ է հաստատվել։
Ստորև լուսանկարներում երևացող սպիտակ գիծը պետական սահմանն է, դրանից ձախ ընկած հատվածում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում մի քանի ուղղություններով տեղակայվել են ադրբեջանական զորքեր։ Նկատելի է, որ մեկ տարվա ընթացքում նրանք թարմացրել են գործող ճանապարհները, որոշ տեղերում կառուցելով նոր՝ կապող ճանապարհներ՝ հատկապես սահմանային հատվածում։ Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցել նաև սահմանի իր կողմում՝ երկու ուղղությամբ կապվելով Հայաստանի ներսում ամրացած ադրբեջանական զինված ուժերի դիրքերի հետ։
Արբանյակային լուսանկարները նաև փաստում են, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցել դեպի նախորդ տարի իրենց գրաված դիրքը, որտեղից պետք է վաղուց հեռացած լինեին։ Նման հավաստիացում անցալ տարի արել էր ՀՀ Գլխավոր շտաբի պետը՝ նշելով, որ նրանք չունեն սնունդ և ջուր, և «ՀՀ զինված ուժերի հմուտ գործողությունների արդյունքում նրանք կհեռանան»։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլև հսկայական ամրաշինական և ինժեներական աշխատանքներ են իրականացրել այդ հատվածում։
Արբանյակային լուսանկարները փաստում են նաև, որ Ադրբեջանի տարածքից սկսվող ճանապարհներն ավելի են մոտեցել Ջերմուկ քաղաքի մատույցներին։
Ադրբեջանական սահմանից սկսվող երկու ճանապարհները ավարտվում են Ջերմուկի բնակելի հատվածներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ճանապարհներից մեկը ճյուղավորվում է և ավարտվում է ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մոտ։
Մյուս ճանապարհն ավարտվում է Ջերմուկից վեր գտնվող լեռների մոտ, որտեղ ադրբեջանական դիրքերի առկայությունն արբանյակային լուսանկարներով պարզել չստացվեց՝ վատ որակի պատճառով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Ավելացնել նոր մեկնաբանություն