Զելենսկին սպառնում է հարվածել Աբխազիայում տեղակայվող ռուսական ռազմանավերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է, որ իր երկրի զինված ուժերը գործողություններ կիրականացնեն ընդդեմ ռուսական ռազմանավերի նաև Աբխազիայի տարածքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Զելենսկին ասել է՝ մեկնաբանելով աբխազական Օչամչիրայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական տեղակայման վայր ստեղծելու մասին տեղեկությունները։
Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ռուսական նավատորմը Սև ծովի արևմտյան հատվածում գործել այլևս ի վիճակի չէ և աստիճանաբար փախչում է Ղրիմից։ Նա դա պատմական ձեռքբերում է համարել Ուկրաինայի համար։
«Վերջերս Ռուսաստանի ղեկավարը ստիպված էր հայտարարել Վրաստանի օկուպացված տարածքում սևծովյան նավատորմի, ավելի ճիշտ դրա մնացորդների համար նախատեսված նոր բազայի ստեղծման մասին։ Ու դա թեև ուկրաինական հրթիռներից ու անօդաչուներից առավելագույն հեռավորության վրա է, միևնույն է, մենք ձեզ ամենուր կգտնենք»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Ուկրաինական կողմը վերջին շրջանում ռազմաճակատում որոշակի անհաջողություններ ունի, որոնք համակշռելու նպատակով ձգտում է ՌԴ-ի դեմ այլ ճակատներ բացել։ Սակայն կարծում ենք, որ Զելենսկիի այս հայտարարությունն ունի առավել քարոզչական բնույթ և ուղղված է ներքին լսարանին, քանի որ Կիևի հնարավորությունները թույլ չեն տա, որպեսզի նա հարձակում գործի այլ ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն