Submitted by H.Andreasyan on

Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Փաշինյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

«Եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է սկզբունքներից մեկը, ըստ որի` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։

Նրա խոսքով` այս թվերը հիմք են վերցվել` հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա։ Այդ թվերը վերցված են խորհրդային հանրագիտարաններից (1977 թ. հրատարակություն)` Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վերաբերյալ վերջին արձանագրումներից:

«Երկրորդ սկզբունքն այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, ելնում ենք այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։

Հաջորդ սկզբունքն էլ ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Փաշինյանը նշել է, որ դրանով արձանագրվում է հետևյալը. կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն