Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառմանը
X միկրոբլոգի իր էջում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմանը։
«Սա հերթական խարդախության և ապաշնորհության դրսևորումն է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միտումնավոր շփոթության մեջ է գցում միջազգային հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հրապարակել է սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով սպանված և վիրավորում ստացած անձանց թիվը։
Ա․ Բադալյանը X-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Արցախից տեղափոխվելիս։
«200-ից ավելի մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել է, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ»,- գրել է Բադալյանը։
Հավելենք, որ օրեր առաջ Բաքուն հաղորդել էր ադրբեջանական կողմի 193 զոհի մասին, որոնցից 180-ը՝ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, 12-ը՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, 1-ը՝ քաղաքացիական անձ: Ըստ այդ հաղորդագրության՝ ևս 511 զինծառայող և 1 քաղաքացիական անձ վիրավորվել են:
Հատկանշական է, որ ադրբեջանական ընդդիմադիր «Medyan.tv»-ի տվյալներով՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակն առնվազն 200 զոհ է տվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն