Արցախի Հանրապետությունը և Արցախը՝ որպես տարածք, իր էթնիկական մեծամասնությամբ չի կարող որևէ պարագայում լինել Ադրբեջան արհեստածին պետության շրջանակներում․ իրանագետ․ «Panorama.am»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները որակել է «սադրիչ և անհիմն, որոնք վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները»։
Իրանի դեսպանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն Արցախի ժողովրդի իրավունքները։
«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն: Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել»,- ասել էր դեսպանը։
Իրանի դեսպանի նման հայտարարության պատճառների ու ԼՂ հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ Panorama.am -ը զրուցել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։
Panorama.am-Պարոն Ոսկանյան, ո՞րն է Իրանի դիրքորոշում ԼՂ խնդրի վերաբերյալ, ինչպե՞ս կգնահատեք դեսպանի հայտարարությունը։
Վարդան Ոսկանյան-Պետք է արձանագրեմ, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արցախյան խնդրի համատեքստում տեղավորվում է Իրանի հոգևոր առաջնորդի արած հայտարարության շրջանակում, որը հնչել է 44-օրյա պատերազմի ավարտից ոչ շատ առաջ։ Իրանի հոգևոր առաջնորդը, խոսելով արցախահայության իրավունքների ու անվտանգության մասին, հստակորեն արձանագրել էր, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի, Իրանի դեսպանի հայտարարությունը տեղավորվում է մատնանշվածի շրջանակում։ Շատ կարևոր է հասկանալ, որ իրանական կողմը մշտապես հանդես է եկել տարածքային ամբողջականության պահպանման օգտին։ Դա Իրանի անփոփոխ որոշումն է և վերաբերելի է, թե Հայաստանին, թե Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը։ Սակայն ակնհայտ է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է գործել այն դեպքում, երբ սպառնալիք չկա այդ տարածքում բնակվող էթնիկական որևէ հանրույթի կյանքի ու այդ կյանքի շարունակականության համար, այնինչ Ադրբեջան կոչվող արհեստածին պետության պարագայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ՝ փաստացի տեղի ունեցավ արցախահայության էթնիկ զտում, որը ցեղասպանության մի տարատեսակ է։ Հետևաբար Իրանի դիրքորոշումը, որ արտահայտվել է դեսպանի շուրթերով, ամենևին էլ տարօրինակ չէ։
Panorama.am-Հայաստանում Իրանի դեսպանի նման հայտարարությունը ուշագրավ է նաև այն համատեքստում, որ արցախցիների իրավունքների ապահովման մասին Հայաստանի իշխանությունները հաճախ չեն խոսում։
Վարդան Ոսկանյան-Մենք այս խնդրին չպետք է անդրադառնանաք Հայաստանի իշխանությունների «դիրքորոշումների» համատեքստում, քանի որ չեմ կարծում, Հայաստանում կգտնվի որևէ մարդ, որ դեմ կլինի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքն ըստ էության իրացրել էր Սահմանադրության շրջանակում անցկացված հանրաքվեի միջոցով ու այդ իրավունքի ճանաչման խնդիրն էր միջազգային հարթությունում դրված մինչև 44-օրյա պատերազմը։ Հետևաբար, հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը՝ մեր դիրքորոշումը պետք է լինի անփոփոխ, Արցախի Հանրապետության տարածքը հիմա օկուպացված է բարբարոսական վարչախմբի կողմից, ոտնահարվել է տեղի հայ բնակչության կյանքի իրավունքը, իրականացվել են էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ, հետևաբար որևէ կասկած չի մնում, որ Արցախի Հանրապետությունը և Արցախը՝ որպես տարածք իր էթնիկական մեծամասնությամբ չի կարող որևէ պարագայում լինել այս արհեստածին պետության շրջանակներում։ Այժմ Արցախի Հանրապետության տարածքն օկուպացված է։ Ուստի հանրային տիրույթում էլ դիրքորոշումները պետք է չափազանց հստակ լինեն, այդ ուղերձները պետք է գնան նաև Բաքու, որպեսզի հասկանալի լինի, որ հայկական երկրորդ պետության տեսլականը մեզ համար անդառնալիորեն թաղված չէ, ինչպես ենթադրում են Բաքվի բարբարոսական վարչախմբի գործիչներն ու այդ վարչախումբը սպասարկող քարոզչամեքենան։
Արցախը, կրկնում եմ, օկուպացված տարածք է, Արցախի Հանրապետությունում Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականացրել է էթնիկ զտում, վաղ թե ուշ դրա համար պետք է պատասխան տա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն