Քանաանին նշել է՝ Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման
Պաշտոնական Թեհրանը, Իրանի Իսլամալան Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանիի շուրթերով, վերահաստատում է, որ չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Գազայի հատվածում ընթացող պատերազմն անհապաղ դադարեցնելու համար։
«Պատերազմի ընդլայնմանը ձգտում են նրանք, ովքեր, փոխանակ ճնշում գործադրելու Իսրայելի վրա, որը ռազմական հանցագործություններ է կատարում, պաշտոնապես և բացահայտ հայտարարում են, որ դեռ չի եկել հրադադարի ժամանակը, և հրապարակայնորեն ուղարկում են մեծ թվով զինվորականներ, զենքեր և նույնիսկ արգելված սարքավորումներ»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Իրանի ԱԳՆ խոսնակի համոզմամբ՝ ԱՄՆ-ն կարող է կանխել ռազմական գործողությունների տարածումը տարածաշրջանում միայն այն դեպքում, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ, վերացվի Գազայի շրջափակումը, և այդ տարածքներից դուրս բերվեն իսրայելական զինված ուժերը:
#Դետքի_հետագծով
Չնայած այս մասին հնչող բազմաթիվ մեղադրանքներին` Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ դեմ են ռազմական գործողությունների ընդլայնմանը, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին Իսրայելին զինելու մեջ, ինչի միջոցով այդ երկիրը շարունակում է ռազմական գործողությունները և հրաժարվում է հրադադար հաստատելուց։
Ավելացնել նոր մեկնաբանություն