ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գազայի բնակիչներն ականատես են լինում ռազմական հանցագործությունների
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Գազայի բնակիչներն ականատես են լինում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ հանցագործություններին, իսկ նման իրավիճակում միայն կարեկցանքը բավարար չէ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Սաիդ Իրավանին նշել է, որ չնայած հրադադարի հաստատման համաշխարհային պահանջին` ներառյալ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի հումանիտար պահանջը, Գազայի ժողովուրդը դեռևս տառապում է այս բարբարոսական պատերազմից:
«Ընդհանուր ակնկալիքն այն է, որ 121 անդամների մեծամասնությամբ հավանության արժանացած Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիմնական առանցքները, հատկապես անհապաղ և տևական զինադադարի անհրաժեշտության մասին դրույթները, կներառվեն նաև Անվտանգության խորհրդի բանաձևի բովանդակության մեջ։ Ցավոք, Անվտանգության խորհրդի որոշ անդամներ վետո կիրառելու սպառնալիքի պատճառով չհամաձայնվեցին այս բանաձևին ավելացնել հրադադարի պահանջը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Պաղեստինի հարցով իր արտահերթ նիստում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն է տվել արաբական երկրների առաջարկած բանաձևին՝ Պաղեստինի դիմադրության և սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունների վերաբերյալ` կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում։ Այս բանաձևը հավանության է արժանացել 120 կողմ, 14 դեմ և 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել այս բանաձևին։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է հասնել նրան, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի և դատապարտի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։ Այս բանաձևը դեռևս չի հաջողվում ընդունել, քանի որ Իսրայելի դաշնակից արևմտյան պետությունները խոչընդոտում են այս գործընթացը։
Ավելացնել նոր մեկնաբանություն