Համաթյուրքական էպոս

Համաթյուրքական էպոս

«Դեդե Քորքուդ» էպոսն օղուզ թյուրքերի ամենահայտնի էպոսն է։ Էպոսը բովանդակում է քոչվոր թյուրքական ցեղերի ապրելակերպին բնորոշ արժեքային համակարգն ու բարոյականությունը, որոնք սկիզբ են առնում դեռ մինչիսլամական հավատալիքներից։

Այն Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, ինչպես նաև Ղրղզստանի մշակութային ժառանգությունն է, որի հիմնական գործողությունները տեղի են ունենում Կովկասի՝ այժմյան ադրբեջանական, հայկական (ներառյալ Արցախը), իրանական տարածքներում:

«Դեդե Քորքուդի» պատմություններն ընդհանրապես պայքարի դրվագներ են։ Էպոսում ներկայացված պատմություններում ոչ թե օղուզներն են առաջինը հարձակվում, այլ մյուս կողմը, իսկ հակահարված տվող առաջին մարտիկները կանայք են, որոնք նկարագրված են ձին հեծած և սուր թուրը ձեռքը բռնած:

«Դեդե Քորքուդի» դրվագներում, որպես քոչվորական ապրելակերպի պահանջ, մշտական պայքարի մեջ լինելը սեփական բարձունքը պաշտպանելու, բնության ու թշնամի ցեղերի դեմ ուժեղ լինելու և իրենց պաշտպանելու նպատակով մարդկանց դարձնում է ռազմիկներ։

Օղուզների երկրում գերությունն ընկալվում է որպես «պատվի հարց»: Գերությունից փրկվելուց հետո կամ ինքնակամ չեն վերադառնում, կամ վերադառնում են՝ գիտակցելով, որ այլևս չեն կարող ինտեգրվել հասարակությանը: Հակամարտություններից շատերը կապված են ընտանիքների և նրանց երեխաների հետ: Երբեմն հայրերը չեն կարողանում պաշտպանել իրենց ընտանիքները, սխալ որոշումներ են ընդունում, որոնք ընտանիքների գերության պատճառ են դառնում:

Այսօր թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անվախ մարտիկի կերպարը տրվում է այդ էպոսում առկա հերոսների բնութագրիչներով, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհելու հանուն հայրենիքի և հայրենի հողի:

Էպոսում շատ են ասացվածքները, որոնք մինչև այսօր կիրառելի են: Օրինակ՝ օղուզների սիրված ասացվածքներից էր. «Հին թշնամին երբեք չի կարող ընկեր լինել»:

Օղուզի քաջերը երդվում էին վրեժ լուծել զոհված մարտիկի արյան համար: Ժամանակի ընթացքում օղուզների այս սովորույթը տարածվեց թյուրքական ամբողջ ժողովրդի շրջանում:

Թյուրքական ժողովուրդներից շատերը մինչև այսօր դեռ երդվում են, որ առանց վրեժի չեն թողնի նահատակների արյունը:

1997 թ․ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ստորագրեց հրամանագիր առ այն, որ Ադրբեջանի աշխարհագրությունն ու պատմական ժառանգությունը պետք է ներկայացվեն որպես միջնադարյան թյուրքական «Դեդե Քորքուդ» էպոսի թատերաբեմ և ժառանգորդ՝ տողատակում ունենալով Նախիջևանի հայկական կերպարը, քանի որ էպոսում գործողությունները կատարվում են Նախիջևանի տարածքում:

Ադրբեջանական կեղծ դրույթների շնորհիվ 2018 թվականին էպոսը՝ որպես ադրբեջանական ազգային մշակույթի, ժողովրդական հեքիաթների ու երաժշտության հավաքածու, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Ավելացնել նոր մեկնաբանություն