Submitted by H.Aslanyan on
Արա

Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ  հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.

ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ:  Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել  զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝  պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։

բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին  նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է  հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:

Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և  մակերեսային պատմական անալոգիաներից։  Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Գերի
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի
Հավաք
4 քահանաներ կանչվել են վարժական հավաքների
Շուշի
Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները օկուպացված Շուշիում են
Իսրայել
Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters
Տարածք
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ
Բաքու
Ադրբեջանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն
Դրոշ
ԱՄՆ-ն 60 օրով վերացրեց իրանական նավթի պատժամիջոցները
Ղրիմ
ԱԹՍ-ների հարվածներից հետո Ղրիմը մնացել է առանց բենզինի, լույսի և տրանսպորտի
ՊՆ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում
Գեղամյան
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
Մենք
Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն
Տաթևիկ
Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ. Տաթևիկ Հայրապետյան
Իրան
Պակիստանն ու Կատարը հայտարարել են բանակցությունների հաջորդ քայլերի մասին
Արաղչի
Կատարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի
Նգն
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին
Սև
Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Բենիամին
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Տաթևիկ
Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Տաթևիկ
Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ. կիրառենք ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը. Հայրապետյան
Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին
Նիկոլ
Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան
Հավերժի
4 տարի՝ առանց Հրաչի. այսօր անմահ հերոս Հրաչ Փիլիպոսյանի hիշատակի օրն է
Անտեր
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև
Տիգրան
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր
ԱԳ
ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար