Submitted by G.Avetisyan on
64513

Հայաստանը ներկայացված է Կահիրեի «EDEX-2023» պաշտպանական ցուցահանդեսում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ-2023» (EDEX-2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը։ 

Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, տեղեկանում ենք ԲՏԱ նախարարությունից: 

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր, ձեռք բերելու նոր գործընկերներ, ինչպես նաև «ԷԴԵՔՍ-2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն