Հայաստանում ադրբեջանական բանակի զինծառայողի ցմահ ազատազրկումը հակասում է միջազգային իրավունքին. Սաբինա Ալիևա

Հայաստանում ադրբեջանական բանակի զինծառայողի ցմահ ազատազրկումը հակասում է միջազգային իրավունքին. Սաբինա Ալիևա

«Ադրբեջանական բանակի զինծառայողին սուտ մեղադրանքների հիման վրա ազատազրկելը, ինչպես նաև ցմահ ազատազրկման ձևով պատժի խստացումը հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- այս մասին, ըստ «Report»-ի, հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան՝ կապված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ Հայաստանի կողմից սահմանված պատժաչափի խստացման հետ։

«Չնայած այս հարցում մեր կոչերին` Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի պահանջները։ Բացի դրանից` Հայաստանի այս սադրիչ քայլը նույնպես լրջորեն խոչընդոտում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված աշխատանքը։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ հայկական կողմը պետք է ձեռնարկի անհրաժեշտ գործողություններ՝ ադրբեջանական բանակի ապօրինի բանտարկված զինծառայողներ Հուսեյն Ախունդովին և Աղշին Բաբիրովին անհապաղ ազատ արձակելու և մեր երկիր վերադարձնելու համար»,- հայտնել է Ալիևան:

Նշենք, որ ցայսօր ադրբեջանական բանտերում են ոչ միայն Արցախից առևանգված հայերը, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգված զինծառայողները։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն