Լավրովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացման և շարունակվող էսկալացիայի կապակցությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է կրակի անհապաղ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի հեղինակության մոբիլիզացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աբդոլլահիանը և Լավրովն անդրադարձել են նաև դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքների զարգացմանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել նոր՝ «մեծ» միջպետական պայմանագրի համաձայնեցման աշխատանքը:
#Դետքի_հետագծով
Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին հետ սերտ համագործակցում են և մի շարք ոլորտներում խորացնում երկկողմ հարաբերությունները։ Կողմերը համանման դիրքորոշում ունեն նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում և աջակցում են անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն