Submitted by D.Guyumjyan on
DETQ

Գազայում Իսրայելի օկուպանտ ռեժիմի նպատակներից ոչ մեկը չիրականացավ. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի նպատակներից ոչ մեկը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, իրականություն չի դարձել: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ սիոնիստները փորձել են արտաքին աշխարհի օգնությամբ հաղթանակ ապահովել և այդ նպատակով սպանել են Բեյրութում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի քաղաքական հարցերով տեղակալ Սալեհ ալ-Արուրին։ «Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի ժողովրդի դիմադրության շնորհիվ վերջին 90 օրվա ընթացքում բռնազավթիչ սիոնիստական ռեժիմի նպատակներից ոչ մեկը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը կամ նույնիսկ զինաթափումը, ինչպես նաև գերիների ազատ արձակումն իրականություն չի դարձել»,- ասել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ անգամ Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ Սպիտակ տանը, քննարկումներ կան, որ Իսրայելի հետ լիարժեք համագործակցելը սխալ էր։ Նրա խոսքով՝ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովումը, որի համար անհրաժեշտ է Գազայում օր առաջ դադարեցնել Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։

«Իրանն ընդգծում է Գազայում  ռազմական հանցագործություններին վերջ տալու, հումանիտար օգնության ուղիները բացելու, բռնի տեղահանումը դադարեցնելու և Գազայի ապագան պաղեստինցիների ու ժողովրդավարական ճանապարհով որոշելու անհրաժեշտությունը, որպեսզի խաղաղությունը վերադառնա տարածաշրջան»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ  Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ 23 հազարի։

Ավելացնել նոր մեկնաբանություն