DETQ

Ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները չեն կանխի Իսրայելի փլուզումը․ Իրանի ՊՆ

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները չեն կանխի Իսրայելի փլուզումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Աշտիանին ասել է իրանական «Fars» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

«Սիոնիստները վերջին շունչն են քաշում, և ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները, որոնք բռնազավթիչ ռեժիմն իրականացնում է ամբողջ աշխարհում, չեն կանխի նրա փլուզումը»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի հարավային Քերման քաղաքում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին՝ Աշտիանին ասել է, որ Իսրայելը դիմում է նման քայլերի և ապարդյուն գործողություններ անում՝ փոխհատուցելու իր կրած ռազմավարական ձախողումները։ Նրա համոզմամբ՝ ահաբեկիչներն ու թշնամիներն այս գործողություններով ոչ մի արդյունքի չեն հասնի, և դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա Գազայում տիրող իրավիճակի վրա։

«Փաստն այն է, որ սիոնիստները վերջին շնչում են, նրանք գլոբալ մեկուսացված են ողջ աշխարհում իրենց կատարած նողկալի հանցագործությունների պատճառով»,- նշել է նա: 

Աշտիանին խոստացել է, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ազատագրության պայքարին՝ չնայած Իսրայելի գործողություններին։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար  Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ ակաբեկչական հարձակումներ են իրականացվել։ Պայթյունների հետևանքով զոհվել է 89 մարդ, այդ թվում՝ 76 իրանցի և 13 աֆղանցի, վիրավորվել 286 հոգի, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Ավելացնել նոր մեկնաբանություն