Մարգարայի անցման կետն ամբողջությամբ կապիտալ նորոգված և պատրաստ է շահագործման․ ՊԵԿ նախագահի տեղակալ
2023-ին մեկնարկեց Մեղրիի մաքսային կետի կապիտալ արդիականացումը, որի արդյունքում նախատեսվում է, որ կստեղծվի միջազգային պահանջներին համապատասխանող այնպիսի մաքսային կետ, որը կծառայի որպես արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, այսինքն՝ 1 կետում տեղում բոլոր գործառույթները կիրականացվեն, և ապրանքները բաց կթողնվեն անցման կետերից: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։
Նրա խոսքով՝ ընթանում են նաև Բագրատաշենի անցման կետի վերակառուցման աշխատանքները, որտեղ կավելացվեն հոսքուղիներ, կտարանջատվեն բեռնատարների և թեթև մարդատար ավտոմեքենաների ուղիները, ինչի արդյունքում ակնկալվում է, որ անցակետի թողունակությունը կկրկնապատկվի:
«Մարգարայի անցման կետն ամբողջությամբ կապիտալ նորոգված և պատրաստ է շահագործման։ Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,- նշել է Թամազյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն