Բանակցություններում կտրուկ փոփոխություններ չեն եղել, դրական առումով զարգացում կա. Ալեն Սիմոնյան
Ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցային փոխանակումը շարունակվում է, դրական առումով զարգացում կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի կողմից հնչեցված տարածքային պահանջներին, որոնք Նիկոլ Փաշինյանը համարել էր բացարձակապես անընդունելի։
«Ալիևի հռետորաբանության վերաբերյալ վարչապետի արձագանքը կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, փոխանակված դրույթներից, որ տեղ են գտել բանակցություններում: Դա հաճախ անհասկանալի է,- նշել է նա՝ հավելելով, որ բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմին. «խաղաղության պայմանագրով» չկա որևիցե կետ, որով ՀՀ-ն միակողմանի պարտավորվում է։- Բոլոր դրույթները, որ կան, վերաբերում են երկու կողմին, չկա կետ, որ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի, կամ Հայաստանը։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս դրությամբ»։
Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը համառորեն չի համաձայնվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության մասին բազմիցս հայտարարություն է արել, նաև ՌԴ նախագահի ներկայությամբ, հարցազրույցների ժամանակ, այո՛, բառացի 29.800 քմ կմ-ի մասին չի խոսել, բայց մենք սպասում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, որը կհստակեցվի սահմանագծման առումով, և գուցե դա է պատճառը, որ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց, միգուցե պահում են հետագա սակարկման համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն