«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ «խաղաղության պայմանագրում» չկա ու չի կարող լինել. Ալեն Սիմոնյան
«Զանգեզուրի միջանցքի» մասին կետ «խաղաղության պայմանագրում» չկա ու չի կարող լինել, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ասել ենք, որ, այո, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհներն իրենց համար, ասել ենք՝ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ թեթևացված գործընթաց լինի, որպեսզի կարողանան տեղափոխվել, բայց կոնկրետ արտատարածքային ճանապարհի մասին ոչ մի բան չկա: Դրա մասին են խոսում երեք հիմնական սկզբունքները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են Ադրբեջանի նախագահի հետ Շառլ Միշելի ներկայությամբ, որի մասին 2023-ի հուլիսի 15-ին եղել է հայտարարություն: Ուստի դրա մասին եկեք այլևս չխոսենք»,- ասել խորհրդարանի նախագահը:
Ալեն Սիմոնյանը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե ադրբեջանցիներն էլ են ասում՝ իրենց այդ ճանապարհն այլևս հետաքրքիր չէ, իրենք Իրանով ճանապարհ ունեն. «Մենք ասում ենք՝ պատրաստ ենք նույն տրամաբանությամբ ճանապարհ տալ, որն ավելի կարճ կլինի, ու հեշտ կլինի այդ երկաթուղին կառուցել»:
Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանին այդ ճանապարհը պետք է քաղաքական նպատակների համար, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես չեմ կարող իրենց տեղն ասել: Մենք ազնիվ ենք որպես բանակցող կողմ: Երկկողմանի վստահության խնդիր ունենք, որով հիմա զբաղվում ենք: Մենք հաստատակամ ենք խաղաղություն հաստատելու, տնտեսական նորմալ հարաբերություններ ստեղծելու հարցում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն