
Արաբական երկրների լիգան դատապարտել է Էրբիլի վրա Իրանի հարձակումը
Արաբական երկրների լիգան բավարար չի համարում իրանական կողմի պարզաբանումները՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Էրբիլ քաղաքին հասցված հարվածների վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ասվում է Արաբական երկրների լիգայի խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ կազմակերպությունը միջադեպի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը դրել է Թեհրանի վրա։ Հայտարարության համաձայն՝ նման գործողությունները չափազանց վտանգավոր նախադեպ են, որոնք կրկնվելու դեպքում կարող են սպառնալ ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։
Արաբական լիգայում Էրբիլի վրա հարձակումը որակվել է որպես բացահայտ ագրեսիա Իրաքի ինքնիշխանության դեմ, ինչպես նաև «բարիդրացիության և միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում»:
Միևնույն ժամանակ նիստի մասնակիցները ճանաչել են Իրաքի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և «օգտագործելու դիվանագիտական ու միջազգային իրավունքով կարգավորվող իրավական բոլոր միջոցները»՝ արձագանքելու նման գործողություններին:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Էրբիլի նկատմամբ կատարված հարձակումն առաջացրել է արաբական երկրների դժգոհությունը, քանի որ վերջիններս մտահոգված են, որ նման հարձակումներ կարող են լինել նաև իրենց տարածքի նկատմամբ։ Այս համատեքստում Իրանը հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարձակումներն ուղղված են եղել սեփական տարածքի նկատմամբ առկա սպառնալիքները կանխելուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն