Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Գլխավոր մտորումներից մեկն այն է, թե ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում, և նրանց` Բաքվի բանտերում գտնվելը ի՞նչ է տալիս Ադրբեջանի իշխանություններին:
Սրան զուգահեռ, իր վերջին ելույթներից մեկում, Ադրբեջանի նախագահը նաև խոսեց այն անձանց մասին, որոնց գերեվարումն ամբողջական կդարձներ իր նպատակը` ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են, և նա գիտակցում է, որ Արցախի նկատմամբ վերահսկողությունը, տարբեր գործոններով պայմանավորված, իրեն ավելի շատ նվեր է մատուցված, ինչը վերջինիս մոտ որոշակի թերարժեքության բարդույթ է առաջացրել:
Իհարկե, այն, ինչ ուզում է անել Ալիևը՝ հաղթանակների, հաղթական ոգու անկում և հաղթողի հոգեբանություն ունեցող անձանց նկատմամբ սարսափելի ճնշումներ, անում է հայաստանյան իշխանությունը:
Ցավոք, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ են Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ, և արձանագրվող ու շարունակվող կորուստների հիմնական պատճառը հենց դա է»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն