Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում ի սկզբանե ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և իրադարձությունները: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, թե իրենք պետք է հասկանան, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում, և ինչի համար է Հայաստանի գոյությունը:
«Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, որտեղ մենք ստացանք անկախություն, թե՞ դա ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք: Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք, և ես կարծում եմ, որ դրանց պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ և դրա հետևանքով միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ: Չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ամորֆ բան, որևիցե մեկն այդ հարցում չի կարող ինձ հետ վիճել։ Չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքն ու վերջանում: Ես լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են, բայց ես` որպես հայ, ասում եմ, որ Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք 1991 թվականին անկախացել ենք կոնկրետ սահմաններով, և որի քաղաքացիներն ենք մենք՝ բոլորս, և դա պետք է արտացոլված ու հասկանալի լինի բոլոր փաստաթղթերով»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահա՞նջն է և կապ ունի՞ բանակցությունների հետ, Սիմոնյանը պատասխանել է. «Այսուհետ բոլոր այն դրվագներում, երբ ՀՀ պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է ՀՀ-ի կողմից։ Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն անցկացնում է, արվում է հայելային: Եթե կա ինչ-որ ակնարկ, առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ ՀՀ-ին»։
Ավելացնել նոր մեկնաբանություն