detq

Իրանի դեմ ԱՄՆ սպառնալիքներն անպատասխան չեն մնա․ ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է՝ չնայած Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն իր դեմ ուղղված ԱՄՆ-ի ոչ մի սպառնալիք անպատասխան չի թողնի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Սալամին շեշտել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն արդեն իրար ճանաչում են։

«Դուք արդեն փորձարկել եք մեզ։ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուրն այն է, որ մենք ճանաչում ենք միմյանց։ Մենք թույլ չենք տա, որ որևէ սպառնալիք մնա անպատասխան: Մենք պատերազմ չենք փնտրում, բայց պատերազմից էլ չենք վախենում: Սա մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրություն է»,- ասել է նա։

ԻՀՊԿ հրամանատարը նաև նշել է, որ Իսրայելը միանշանակ կպարտվի Գազայի դեմ պատերազմում, քանի որ չի ​​կարողանա մի փոքր հողակտոր պահել ամիսներ շարունակվող պատերազմից հետո:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում էր կատարվել։ Հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, մոտ 40-ը` վիրավորվել։ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է միջադեպին ներգրավվածության մեջ՝ խոստանալով կոշտ արձագանք։

#Դետքի_հետագծով

Չնայած ամերիկյան կողմը խոստանում է կոշտ պատասխանել, սակայն Իրանի տարածքի նկատմամբ հարված հասցնելը քիչ հավանական է։ Իրանում չնայած սա շատ լավ գիտակցում են, այնուամենայնիվ փորձում են լարվածությունը պահել վերահսկելիության սահմաններում, քանի որ դրա այլընտրանքը կարող է հանգեցնել ընդհուպ համաշխարհային նոր պատերազմի։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն