
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ-ի հետ շփումների մասին տեղեկությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հերքել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը և Վաշինգտոնը վերջին երկու օրում տեղեկություններ են փոխանակել Մերձավոր Արևելքում արևմտյան կոալիցիայի ռազմակայանի վրա անօդաչուի գրոհի հետևանքների մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Իրավանին շեշտել է, որ նման փոխանակում տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն այն է, որ եթե որևէ մեկը հարձակվի իր տարածքի, շահերի կամ կողմնակիցների վրա արտասահմանում, ապա նա կբախվի վճռական և կոշտ պատասխանի։
Նշենք, որ հունվարի 30-ին բրիտանական «The Guardian» պարբերականը տեղեկացրել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ուղերձ է հղել Վաշինգտոնին։ Համաձայն դրա՝ Իրանի տարածքի վրա ԱՄՆ հարձակման դեպքում իսլամական հանրապետությունը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ամերիկացիների դիրքերին։
#Դետքի_հետագծով
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար։ Չնայած պաշտոնական Թեհրանի և Վաշինգտոնի հերքումներին` այնուամենայնիվ կարծում ենք, որ դրանք կարող են հավանական լինել, քանի որ իրավիճակի սրումից փորձում են խուսափել բոլոր ազդեցիկ դերակատարները։
Ավելացնել նոր մեկնաբանություն