Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագրի ճակատագիրը կապված է Ադրբեջան-Նախիջևան կապուղու հետ․ քաղաքագետ
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ճակատագիրը կապված է Ադրբեջան-Նախիջևան կապուղու, կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ: Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Ժամանակին այս միջանցքը շաղկապված էր նաև Լաչինի (Բերձոր - խմբ․) միջանցքի և Արցախի ճակատագրի հետ: Հայկական դիվանագիտությունը, ցավոք սրտի, ժամանակին չկարողացավ օգտագործել այս հանգամանքը, որով հնարավոր էր կանխել Արցախի կորուստը, պատճառը, իհարկե, Արևմուտքի կոշտ ճնշումն էր և պայքարը կապուղիների վրա ՌԴ հատուկ ծառայությունների և սահմանապահների վերահսկողության դեմ: Ինչևիցե, անցածն արդեն անցած է: Երբեք էլ կորսվածը մեզ չի հաջողվում վերադարձնել, որովհետև պակասում են քաղաքական հեռատեսությունը և կանխատեսելու կարողությունների բացակայությունը:
Փորձագիտական շրջանակներում իրավացիորեն կարծում են, որ այժմ ստեղծված բարդ կացության հանգուցալուծումը հնարավոր է Մոսկվա-Թեհրան-Անկարա փոխհամաձայնության հետ, Արևմուտքը խրված է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, այստեղ նրանց դիրքերը սասանվում են, նույնիսկ լուրջ անհամաձայնություններ են ծագել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման հարցի շուրջ: Ինչպես գիտենք, Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Է. Ռայիսիի հետ: Ըստ պաշտոնական տեղեկության` կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ևս քննարկման առարկա է եղել: Հիմա էլ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Անկարայում Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները:
Թուրքիան ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցի ժամանակ քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, այն, ինչ կատարվում է Սիրիայում, և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին իր հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Գազայի հատվածում, ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի վերաբերյալ մոտ է Թուրքիայի դիրքորոշմանը։
«Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, ինչ մերը՝ հումանիտար օգնության մատակարարման պատերազմի շուտափույթ դադարեցման և երկու պետությունների խնդրի լուծման հարցում»,- ասել է Ֆիդանը։ Նա հատկապես կարևորել է Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքը` ասելով, որ Թուրքիայի ղեկավարը «մեծ նշանակություն» է տալիս այս հարցին։ Հացահատիկի գործարքը հիմնական հարցերից էր նաև Պուտինի և Էրդողանի` Սոչիում 2023 թվականի սեպտեմբերի սկզբին նախորդ հանդիպման ժամանակ։ Ակնկալվում էր, որ Հաքան Ֆիդանը բանակցային հարցերի շարքում կնշի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, բայց այդ մասին ոչինչ չի ասվել:
Այստեղ կարելի է երկու ենթադրություն անել: Կամ այդ խնդրի շուրջ դիվանագիտական խողովակներով արդեն պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մնում էր միայն Իրանը, որի հետ քննարկումները տեղի են ունեցել Էրդողան-Ռայիսի հանդիպման ժամանակ, կամ էլ Էրդողանն ու Պուտինը կփորձեն վերջնական համաձայնության գալ Անկարայում, բայց գերադասում են առայժմ դա չհրապարակայնացնել, որովհետև ռուս-թուրքական համագործակցային ձևաչափը ներկայումս Բրյուսելի և Վաշինգտոնի համար լուրջ գլխացավանք է: Բնականաբար այս կենտրոններից կա ուղղակի նպատակադրված ձգտում` տապալել ամեն ինչ, ինչ որ կապված է այդ համագործակցության հետ: Երևանում և Բաքվում առայժմ սպասում են իրադարձությունների զարգացմանը»,- գրել է քաղաքագետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն