Ալիևը Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ, բայց դե Ադրբեջանն ուր, օրենքն ուր. Տաթևիկ Հայրապետյան
Այսօր Ադրբեջանում մեկնարկած նախագահական արտահերթ ընտրությունների առաջին կադրերը լրատվականները սկսել են տարածել օկուպացված Ստեփանակերտից ու Շուշիից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով. «Ստեփանակերտի նախագահականի շենքում տեղադրել են ընտրատեղամաս ու որքան էլ տարօրինակ չէ՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները որոշել են քվեարկել Ստեփանակերտում: Դե մեծ հաշվով հայերին արտաքսելուց հետո այդտեղ ուրիշ քվեարկող չեն էլ գտնի...Բայց սա ևս մեկ ցուցիչ է, որ Ալիևի համար այս ընտրությունները ուժով հարցեր լուծելու գործելաոճը օրինաչափություն դարձնելու միջոց են»:
Մեկ այլ գրառմամբ էլ ադրբեջանագետը նկատում է. «Ունիկալն այն է, որ ըստ օրենքի՝ Ալիեւը Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ, քանի որ ինքը գրանցված է Բաքվում։ Բայց դե Ադրբեջանն ուր, օրենքն ուր…»:
Ավելացնել նոր մեկնաբանություն