Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել Ալեք Մանուկյանի արձանը․ Հովիկ Ավանեսով
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։
Նա նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից։ Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- հիշեցրել է Ավանեսովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն