Submitted by G.Avetisyan on
54

Փաշինյանի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը:

Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:

Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:

Նիստի օրակարգում ներառված էին նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր:

Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդը ստեղծվել է Վարչապետի որոշմամբ, առաջարկվել է Վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:

Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն